«Չեմ զարմանա, եթե ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ Հայոց Ցեղասպանությունն այնքան էլ ցեղասպանություն չի եղել, ուղղակի դրանք ցավալի իրադարձություններ էին». թուրքագետ

«Այս պահին Հայաստանում իշխանություն հանդիսացող քաղաքական ուժն, ըստ էության, սկսել է մի գործընթաց, որը ենթադրում է, այսպես կոչված, բարիդրացիական հարաբերությունների հաստատում Հայաստանին փաստացի թշնամական տրամադրված երկու պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այդ հարաբերությունները հիմնված են ոչ թե հավասարը հավասարին սկզբունքի վրա, այլ, ակնհայտ կերպով իրենից ենթադրում են ընդգծված պարտվողական մոտեցում,- ասում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը, «Փաստարկ» լրատվականի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ապրիլ 24-ին ընդառաջ՝ Թուրքիայի հետ հայաստանյան օրվա իշխանությունների որդեգրած կասկածելի թվացող քաղաքականության թեմային:

Թուրքագետը, մեղմ ասած, անընդունելի է համարում երեկ՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում, ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի, թեմայի շուրջ հայտնած որոշ տարակուսելի մտքերը. «Երբ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այս տարածաշրջանում, որտեղ մենք ապրում ենք, մեզ ընկալում են իբրև թշնամի և հավելում է, թե իրեն, նույնիսկ, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է, փաստացիորեն, այս խոսքերով ՀՀ ղեկավարը կասկածի տակ է դնում ոչ միայն Հայաստանի ու հայության արդար պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, այլ վտանգում է նաև դրա վերջին դրսևորումը՝ արցախյան ազատամարտը, որն իրականում մեր դեմ պարտադրված պատերազմ էր: Իրականում, Հայաստանի ու Թուրքիայի միջև թշնամության հիմնական պատճառը միշտ էլ պարզ է եղել բոլորի համար՝ այս տարածաշրջանում անկախ հայկական քաղաքական միավոր՝ հայկական պետություն լինելը և դրա հանդուրժելը երբևէ ընդունելի չի եղել Թուրքիայի պլաններում։ Ուստի, վարչապետի երեկ հայտնած միտքը, թե իրեն, նույնիսկ, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է, ոչ այլ ինչ է, քան պրիմիտիվ տգիտություն ու հայկական ազգային նախագծի ոչնչացման փորձ։ Փաստացի, սրանով ՀՀ-ի ղեկավարը կասկածի տակ է դնում Հայոց Ցեղասպանությունը, որը ներկայիս շատ գործընթացների հիմքն է: Ասեմ ավելին, այսպիսի տեմպերով գնալու պարագայում, ես չեմ զարմանա, եթե ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ Հայոց Ցեղասպանությունն այնքան էլ ցեղասպանություն չի եղել, ուղղակի դրանք ցավալի իրադարձություններ էին»,- ասում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի այսօրինակ ժխտողական վարքագիծը պարտադրված է արտաքին ուժերի՝ մասնավորապես Թուրքիայի կողմից, Վարուժան Գեղամյանը պատասխանում է՝ չունի նման փաստեր այդպիսի պնդում կատարելու համար, սակայն այն, որ նմանօրինակ հռետորաբանությունն ակնհայտ և բացահայտ կերպով պրոթուրքական նկարագիր ունի և սպասարկում է թշնամի պետության շահերը, անժխտելի փաստ է:

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Կիսվել գրառումով՝

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով